Դավիթ Բեկ. ՐաֆֆիЧитать онлайн книгу.
էին անում: Երեխաներից մեկը կատվի ճարպկությամբ իր թաթիկը տարավ կաթսայի մեջ և այնտեղից խլեց մի կտոր միս: «Չոռ, ցավ, վարամ» ուտես, ասաց բարկացած մայրը և առեց վառելու փայտը, որ պատժե նրա լրբությունը: Տղան սատանայի նման փախավ, տանելով իր կողոպուտը. մոր ձգած փայտը դիպավ նրա ոտներին, և նա ընկավ երեսի վրա: Մսի կտորը դուրս պրծավ նրա ձեռքից և թավալվեցավ գետնի փոշիների մեջ: Տղան շուտով ուշի եկավ, և վեր բարձրանալով, կրկին հափշտակեց իր ավարը, փախավ, և հեռվից սկսեց ծիծաղել, ջիգրացնել մորը և ախորժանոք կրծել փոշեթաթախ մսի կտորը:
– Հը՛մ… հը՛մ… տեսա՛ր, աչքդ հանեցի… տարա… – ասաց նա երեսը ծռմռելով:
– Չոռ ուտես, ցավ ուտես, վարամ ուտես, – կրկնեց մայրը, – թե ձեռքս կընկնես, ես գիտեմ ինչ կանեմ…
Չադրներից մեկը մեջ, Խորասանի գեղեցիկ գորգի վրա, միայնակ նստած էր մի մանկահասակ կին, գրկած ունենալով մի փոքրիկ երեխա: Նա կպած էր մոր կուրծքին և ծիծ էր ուտում: Արևի ոսկեգույն ճառագայթները թափվելով վրանի մեջ, լցրել էին նրան խիստ ախորժ և փափուկ ջերմությամբ: Մայրը տխրությամբ նայում էր երեխայի երեսին և նրա սևորակ աչքերը լցվում էին արտասուքով: Երեխան երբեմն թողնում էր բերանից ծիծը, նայում էր մոր երեսին և ժպտում էր, կարծես, այդ անմեղ ժպիտով կամենում էր ասել, թե դեռ չեմ կշտացել: Մոր գլուխը, չալմայի նման, փաթաթած էր մետաքսյա սև քողով, որի տակից մազեր ամենևին չէին երևում: Այդ կինը Սյուրին էր, Տաթևի Դավիթ ուրացողի աղջիկը: Նրա առաջվա անունը Մարիամ էր, բայց երբ մահմեդականություն ընդունել տվեցին, կոչեցին Սյուրի: Խանը ուներ այդ անունով մի ուրիշ կին, որին շատ էր սիրում, վաղահաս մահը զրկեց նրան այդ կնոջից, և նրա անունը շնորհեց գեղեցիկ Մարիամին: Հայրը ծախեց Մարիամին Տաթևի մելիքությունը ստանալու համար, և թողնելով քրիստոնեական կրոնը, ինքը նույնպես ընդունեց մահմեդականություն. այդ պատճառով հայերից ստացավ «ուրացող» անունը և Տաթևի համար դարձավ մի երկրորդ Վասակ, իսկ ինքը իրան թուրքի անունով Բաղր էր կոչում:
Սյուրիի տխրությունը նրա համար չէր, որ այն գիշեր իր նախանձորդների ոխակալ ձեռքը զրկել էր նրան իր հարուստ և սև սաթի նման փայլուն գիսակներից: Նա այդ մասին չէր մտածում և ի՞նչ հարկ կար մտածելու: Նրա գեղեցկությունից պակասեց մի զարդ: Ավելի լավ, այդ մեծ կորուստ չէր Սյուրիի համար: Այդ կորուստ համարում են այն կնիկները, որոնք ախորժակ ունեն սիրվելու: Բայց ումի՞ց պետք է սիրվեր Սյուրին: Մի գազանի՞ց, մի եղեռնագործի՞ց, որին նա ամեն սրտով ատում էր, որի սերը ավելի բարկացնում էր նրան, որի ձեռքում գերի էր նա: Նա զոհ էր, մի անբախտ զոհ հոր փառասիրության: Հայրը վաճառեց նրան Տաթևի մելիքությունը ստանալու համար. և ծնողական այդ անգթության հետ չէր կարող հաշտվել նա: Ամեն անգամ հայ քահանայի երեսը տեսնելիս, ամեն անգամ հայոց եկեղեցու զանգակի ձայնը լսելիս, նրա սրտում կրակ էր լցվում. նրա աչքերը հեղեղվում էին արտասուքով, և նա մտածում էր, որ կորած է թե՜ հոգով և թե՜ մարմնով: Այս աշխարհը սև էր նրա համար, իսկ այն աշխարհում սպասում էր նույնպես տանջանք: Կրոնական զգացմունքը ջերմ էր նրա մեջ: Իր մորից լսել էր նա շատ բաներ մահմեդականների մասին: Մահմեդականի հաց ուտելը, մահմեդականի հագուստը հագնելը, մահմեդականին դիպչելն անգամ մեղք էր համարում նա, իսկ ա՞յժմ.. այժմ սարսափում էր նա, երբ նայում էր իր սիրելի զավակի վրա. այդ իր մարմինը և արյունը կրող մանուկը մահմեդականի