Эротические рассказы

Դավիթ Բեկ. ՐաֆֆիЧитать онлайн книгу.

Դավիթ Բեկ - Րաֆֆի


Скачать книгу
Մի՞թե խանի կասկածը չէր գրգռի նա, երբ կիմանար, թե իր կինը լրտեսում է նրա խոսակցությունները, թե Ահմեդի ձեռքով կաշառում է սպասավորներին, թե… վերջապես շատ բաներ կարող էր գիտենալ նա, այնուհետև ինքը կորած էր:

      Ահա այդ մտատանջությունների մեջ գտավ նրան խանը, որ ավելի բարկացած, քան թե զարմացած իր ամուսնի անակնկալ այցելության վրա, ներս մտավ գաղտնարանը: Հարեմի մեջ փակված կնոջ իր արգելարանից դուրս գալը, և ահագին բազմության միջից անցնելով, այդ վրանը մտնելը ոչ միայն անվայել, այլ բոլորովին հակառակ էր կանանոցի կանոններին: Եվ դրանով պետք է բացատրել այն սպառնական հայացքը, որով դարձավ խանը դեպի իր կինը` հարցնելով.

      – Դու ի՞նչ գործ ունես այստեղ:

      Սյուրին մնաց շփոթված. կարծես նրա լեզուն կապեցին, և մի խոսք անգամ չգտավ պատասխանելու: Նրան տիրեց մի տեսակ երկյուղ – ստրուկի երկյուղը իր սարսափելի տիրոջ առջև: Այդ առաջին անգամն էր, որ նա զգում էր իր ոչնչությունը, թե ինքը մահմեդական ընտանիքի մեջ մի կրավորական առարկա էր, մի փայլուն և խայտաճամուկ զարդ էր, և ոչ կամքի ու խոսքի տեր արարած, և ոչ ամուսնի ընկեր ու նրա խորհրդակից: Խանը նայելով այդ գեղեցիկ, շփոթված առարկայի վրա, որը, որպես մի ամոթխած հրեշտակ, ներկայանում էր նրա աչքում իր բոլոր սքանչելի հրապուրանքով, մեղմեց իր բարկությունը և մոտենալով, բռնեց նրա ձեռքից, նստեցրեց իր մոտ մախմուռի օթոցի վրա, հարցրեց.

      – Գիտեմ, մի խնդիրքով եկած կլինես ինձ մոտ, խոսիր, նազելիս, ի՞նչ ունիս ասելու:

      Նեղ դրությունը մարդուն սրամիտ է շինում: Սյուրին հանկարծ հիշեց այն նշանավոր րոպեն իր ամուսնական կյանքում, որ սկիզբը դրեց նրա անբախտությանը: Նա հիշեց այն տագնապալից գիշերը, երբ ինքը տասնևչորս տարեկան մի անմեղ աղջիկ, փառասեր հոր ձեռքով ձգվեցավ խանի գիրկը: Նա հիշեց այն բոլոր հոգեկան տանջանքը, այն բոլոր գարշելի զզվանքը, որով ինքը, որպես մի նոր Հռիփսիմե, պատերազմում էր խանի գազանային կրքերի դեմ և չէր կամենում անձնատուր լինել: Նա հիշեց այն խոսքը, որ ախտաբորբոք խանը երդվելով ասաց նրան. «Խնդրիր ինձանից ամեն բան և ես կտամ քեզ, միայն թե դու իմս լինես»: Սյուրին ոչինչ չխնդրեց և անձնատուր եղավ… Այնուհետև խանը մի քանի անգամ կրկնեց նրան միևնույն խոստմունքը, բայց Սյուրին միշտ սպասում էր մի կարևոր դեպքի, որ իր խնդրածըմի նպատակահարմար և նշանավոր բան լիներ: Այժմ դեպքը ինքնըստինքյան առաջ եկավ:

      Նա չոքեց խանի առջև, որպես մի խոնարհ աղերսարկու աստվածներից ամենասարսափելի արձանի առջև, և իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դեպի վեր բարձրացնելով, ասաց.

      – Իմ իշխանը հիշու՞մ է, որ մի պարտք ունի ինձ վճարելու:

      – Ի՞նչ պարտք, – հարցրեց նա զարմանալով:

      Սյուրին հիշեցրեց նրան հին խոստմունքը:

      – Այդ ես չեմ մոռացել, – ասաց խանը ժպտելով, – ես մեղավոր չեմ, որ քո առջև վատ պարտական գտնվեցա, դու առհասարակ անհոգ ես քո ապառիկների վերաբերությամբ: – Հիմա խնդրիր, ինչ որ կամենում ես, ես իմ խոստմունքը պատրաստ եմ կատարելու:

      – Ես քեզանից մեծ բան չեմ խնդրելու, – պատասխանեց Սյուրին, տակավին անշարժ մնալով իր չոքած դրության մեջ, – ես եկա խնդրելու, որ ազատես հայ գերիներին և Թորոս իշխանին ձեռնունայն հետ չդարձնես:

      – Ա՛… այդ շատ մեծ բան է քո խնդրածը… – պատասխանեց խանը զարմացական բացականչությամբ,


Скачать книгу
Яндекс.Метрика