Դավիթ Բեկ. ՐաֆֆիЧитать онлайн книгу.
– պատասխանեց Ջումշուդը:
– Դե՜, առաջ քշիր, մեզ տար ուղիղ դեպի այն կողմը:
Զումշուդը իր ձին առաջ քշեց, երիտասարդ իշխանը հետևում էր նրան: Ետևից գալիս էր իշխանի մյուս ծառան` Աղասին:
Քամին հետզհետե սաստկանում էր և մրրիկը ավելի սպառնալի կերպարանք էր ընդունում: Գյուղացիները սարսափով քշում էին իրանց անասունները դաշտից դեպի տուն: Լեռներից լսելի էին լինում հովիվների խառն աղաղակները: Սաստիկ անձրևների ժամանակ հեղեղը այդ կողմերում սոսկալի էր. նա տանում էր իր հետ ոչ միայն մարդիկ և անասուններ, այլ ահագին քարաժայռեր, որ պոկում էր սարերի կուրծքից:
Բոլորովին մութն էր, երբ իշխանը մտավ Օրդուբաթ քաղաքը: Փողոցներում ոչ ոք չէր երևում: Բոլոր դռները կողպված էին: Անձրևը թեև փոքր-ինչ մեղմացած, բայց տակավին մաղվում էր: Անցնելով մահմեդականների թաղերը, նրանք մտան հայերի թաղը: Այստեղ բնակվում էին հրեաները մի առանձին փողոցում: Ջումշուդը իր ձին կանգնեցրեց տներից մեկի դռան հանդեպ, ցած իջավ ձիուց և սկսեց դուռը բախել: Երկար բախում էր նա, իսկ բաց անող չկար: Գիշերային այն տարաժամ պահուն հրեան հեշտությամբ իր դուռը չէր բաց անի օտարականի առջև: Կարծում էին, թե ներսում մարդ չկար: Բայց դռան ճեղքերից ճրագի լույս էր երևում:
– Կոտրե՞մ, – հարցրեց Ջումշուդը:
– Չէ, – ասաց իշխանը, – կարելի է բաց անեն, բախեցե՜ք:
Ներսից լսելի էին լինում ոտքի ձայներ և մարդկային երկչոտ շշնջոց:
– Ես այս րոպեում բաց կանեմ, – ասաց Աղասին, իր ձին մոտեցնելով տան պատին և կանգնելով ձիու թամքի վրա: Պատը շատ բարձր չէր. ճարպիկ երիտասարդը ձեռքերով չանկռեց պատի անհարթ մակերևույթը և կատվի արագությամբ թռավ կտուրի վրա: Մի րոպեից հետո բակից լսելի եղավ նրա ձայնը, որ վիճում էր տան տիրոջ հետ, պահանջելով դռան բանալին:
– Է՛… վա՛յ… մի՜ սպանիր… – լսելի եղավ հրեայի դառն հառաչանքը: Երևում էր, նա մի քանի ապտակ կերավ Աղասու ձեռքից:
Դուռը բացվեցավ. շեմքի վրա հայտնվեցավ հրեան ճրագը ձեռին: Նա անդադար մյուս ձեռքը քսում էր իր երեսին, կարծելով, թե Աղասու մատները դեռ կպած էին այնտեղ: Նա ինքն իրան մրթմրթում էր.
– Չի էլ ասում, որ աղան է գալիս… աղայի առջև ո՞վ կփակե իր դուռը… իմ տունը աղայի տունն է… անիծված… ա՜խ, ի՜նչ ծանր ձեռք ունի…
– Ես քեզ հազար անգամ ասեցի, – պատասխանեց Աղասին, – բայց դու էլի չէիր ուզում բաց անել:
– Լավ է, լավ, – խոսեց իշխանը վեր գալով ձիուց, – Հարունը լավ մարդ է, նրան պետք չէ ծեծել:
– Հա՜, այդպես, քո հոգուն մատաղ, – պատասխանեց հրեան, և դառնալով դեպի Աղասին էլի կրկնեց, – ա՛խ, ի՜նչ ծանր ձեռք ունի այդ անիծվածը…
Հրեան ծեծը ուտելուց հետո փափկացել, մոմ էր դարձել. նա ամեն կողմ ծալվում էր, գործ դնելով շողոքորթության բոլոր ձևերը: Նա մի քանի րոպեի մեջ ձիերը տեղավորեց իր տան բակում և հյուրերին հրավիրեց միևնույն սենյակում, ուր ինքը իր կնոջ հետ ապրում էր:
Գ
Հարունը Օրդուբաթի հրեա ոկերիչների մեջ միակ վարպետն էր, որ բացի ոսկերչությունից գիտեր և կնիքներ փոխագրելու արհեստը: Նա բավական հարուստ էր, ինչպես ամեն մի հրեա, որ գոհարների և թանկագին մետալների հետ գործ ունի: Իշխանի անակնկալ այցելությունը, որի անունը միայն լսած էր, իսկ անձամբ չէր ճանաչում, սաստիկ վախեցրեց նրան: Ո՞ր սատանան