Դավիթ Բեկ. ՐաֆֆիЧитать онлайн книгу.
ինձ բռնեց, և երկար կռվելով նրանց հետ, չէր թողնում, որ ինձ տանեն: Դու բռունցքով զարկեցիր մորս գլխին, նա ուշաթափ ընկավ գետնի վրա և այնուհետև չվերկացավ նա…
Մի ուրիշ մարդ, մելիք Դավիթի փոխարեն, հարազատ դստեր բերանից լսելով այդ անեծքը, լսելով այդ բոլոր դատապարտական խոսքերը, կզղջար, կփոշմաներ իր եղեռնագործության համար, բայց նա, տեսնելով, որ իր մեղմ, գրավիչ խրատներով չկարողացավ համոզել նրան, մտածեց վախեցնել աղջկան:
– Բայց ես չեմ կարծում, որ քո մոր հիշատակը այնքան վրդովեցներ քեզ իմ դեմ, որքան մի ուրիշ բան…
– Ի՞նչ բան, – հարցրեց Սյուրին, սրբելով աչքերից արտասուքը, որ հեղեղի նման թափվում էր մոր պատմությունը անելու ժամանակ:
– Այն բանը, որ ես քեզ խլեցի քո սիրականի գրկից… որը այսօր քո շնորհիվ ազատություն գտավ… որի վերքերը դու դարմանում էիր բանտի մեջ… և որի հետ դեռ մտածում ես շարունակել քո հին հիմարությունները…
– Այդ բոլորը ճիշտ է, – պատասխանեց Սյուրին սառնությամբ: – Ես Ստեփանին սիրում էի առաջ, սիրում եմ և այս րոպեիս: Այո՜, դու ինձ խլեցիր նրա գրկից և ես այդ չեմ ների քեզ:
– Եվ կաշխատես կրկին նրա գիրկն ընկնել…
– Կաշխատեմ…
– Եվ կաշխատես Գենվազի իշխանությունը նրան վերադարձնել…
– Կաշխատեմ…
– Եվ կաշխատես հետո փախչել գնալ նրա մոտ…
– Կաշխատեմ…
– Բայց գիտե՞ս ես ինչ կանեմ…
– Դու ինձ կմատնես… դու այդ բոլորը կհայտնեց խանին…
– Լավ հասկացար, – պատասխանեց հայրը կատաղի բարկությամբ: – Բայց գիտե՞ս խանը քեզ ինչ կանե:
– Խանը ինձ խեղդել կտա:
– Հիմա լավ մտածիր, իզուր տեղը մի՜ բարկացրու հորդ:
– Ես բոլորը մտածել եմ. ինձ մնում է երկու բան` կամ մեռնել, կամ «նրա» հետ ապրել:
Մելիք Դավիթը չէր կարծում, թե կհանդիպի այս աստիճան հաստատամտություն իր աղջկա կողմից: Նա զգաց իր սխալը, որ խոսակցությունը ծայրահեղության հասցրեց, այս պատճառով փորձ փորձեց շարժել Սյուրիի գթասրտությունը:
– Ծերունի հայրդ ներողություն է խնդրում քեզանից, Սյուրի, – առաց նա, բռնելով նրա ձեռքը: – Մոռացի՛ր բոլորը, ես մեղավոր եմ քո առջև, մեղավոր եմ և քո հանգուցյալ մոր առջև…
Այդ միջոցին նրա աչքերում երևացին մինչև անգամ արտասուքի կաթիլներ: Բայց Սյուրին թափ տվեց նրա ձեռքը և վեր կացավ, ասելով.
– Ես կմոռանայի բոլորը, եթե հավատայի, որ քո խոստովանությունը անկեղծ է: Բայց դու խաբում ես ինձ:
– Աստված, երկինք, գետինք վկա, որ չեմ խաբում: Դու զարթեցրիր իմ մեջ մեռած խիղճս, Սյուրի, դու կրկին վառեցիր ծնողական գութը, որ հանգած էր իմ սրտում: Մորդ ուրվականը գիշեր և ցերեկ հալածում է ինձ, հանգստություն չէ տալիս: Նա կներե ինձ, եթե դու ներես:
Վերջին խոսքերը ազդեցին Սյուրիի սրտին: Նա պատրաստ էր գրկել իր հորը, համբուրել նրա շրթունքը, որ արտասանեցին այդ տխուր, ապաշխարության խոսքերը, որ առաջին անգամն էր լսում նրա բերանից: Բայց այդ միջոցին վրանի մուտքի առջև արձանացավ ծերունի ներքինապետի զայրացած պատկերը և լսելի եղավ նրա սպառնական ձայնը.
– Դու, – ասաց նա մելիքին, – նախ քան մեղանչելը քո ընտանիքի, քո զավակի և քո անբախտ կնոջ առջև, մեղանչել ես քո ազգի առջև, որի որդիքը, քո հարստահարություններից ազատվելու համար, այսօր իրանց այրեցին: Դու մեղանչել