Эротические рассказы

Դավիթ Բեկ. ՐաֆֆիЧитать онлайн книгу.

Դավիթ Բեկ - Րաֆֆի


Скачать книгу
Ահմե՛դ…

      Դա տիկնոջ աղախնի, Փերիի ձայնն էր, որ քաղցր երազների հրապուրանքի մեջ, կանչում էր իր սիրելի Ահմեդին: Բայց որովհետև նույն անունով կոչվում էր և կանտնոցի ներքինապետը, խափշիկը կարծեց, թե նրան օգնության է կանչում:

      – Ա՛խ, Ահմեդ… – կրկին լսելի եղավ աղախնի ձայնը:

      Խափշիկը սարսափեց. կանչում էին Ահմեդին, կանանոցի սոսկալի պահապանին: Նա սկսեց աճապարել, որ չբռնվի: Եվ հանելով իր սփածանելիքի միջից մի սուր մկրատ, շտապեց նրա նով կտրել տիկնոջ կոկորդը: Բայց երկյուղը և խռովությունը այն աստիճան շփոթել էին նրան, որ սխալվեցավ իր գործողության մեջ. – փախանակ կոկորդը կտրելու, կտրեց տիկնոջ ծամերից մի քանի հյուսեր:

      Նա վագրի արագությամբ, դարձյալ սողալով, դուրս թռավ քնարանից և աներևութացավ կանանոցի բազմաթիվ չադրների մեջ:

      Ե

      Առավոտ էր: Արեգակի առաջին ճառագայթները կորչում, անհետանում էին մոխրագույն մառախուղի մեջ, որ պատել էր Ղարաբաղի լեռների գագաթները: Խիտ անտառները դեռ մրափում էին գիշերային մռայլի մեջ: Ծառեր չէին երևում: Սար, դաշտ և հովիտ ընկղմված էին մի լայնատարած, մառախլապատ ծովի մեջ:

      Հեռվից սև բծերի նման երևում էին Չալաբիանլիների§ օբաները: Ամեն մի գյուղի հովիվները, առանձին խումբեր կազմելով, տարածել էին իրանց չադրները այդ լեռների ճոխ, խոտավետ արոտամարգերի վրա: Մի լեռնադաշտի վրա ցրված էին ցեղի պետի, Ֆաթալի խանի, չադրները: Նրանք թե իրանց ձևով և թե նյութով, որից պատրաստված էին, զանազանվում էին հասարակ մահկանացուների չադրներից. նրանք ավելի փառավոր, բարձր և ընդարձակ էին:

      Խանը դեռ քնած էր: Նրա բազմաթիվ կնիկները, վաղուց արդեն զարթնելով, զբաղված էին իրանց տնտեսություններով: Վրանների առջև, բաց օդի մեջ, օջախները ծխում էին: Այդ օջախների կազմությունը խիստ պարզ էր. հարթ գետնի վրա շարված էին երկաթյա եռոտանիներ, որոնց տակին կրակ էր վառվում և տաքացնում էր նրանց վրա դրած մեծ և փոքր կաթսաները:

      Ամբողջ Փայտակարանի բռնապետի կնիկները, որոնք ամեն հարմարություն ունեին իրանց տնտեսության մեջ բոլոր աշխատությունները աղախինների ձեռքով կատարելու, բայց դարձյալ հավատարիմ մնալով ավանդական սովորություններին, իրանց գործը իրանց ձեռքով էին կատարում: Քաղաքակրթության բացակայությունը ազատ էր պահել նրանց տանտիկնոջ թե քնքշությունից և թե ծուլությունից: Բայց պետք է նկատել, որ աշխատում էին պառավները միայն, իսկ ավելի մանկահասակները կամ դեռ քնած էին, կամ զբաղված էին իրանց առավոտյան զարդարանքով:

      Չադրները, որոնց մեջ զետեղված էր կանանոցը, բոլորովին առանձնացած էին խանի մյուս վրաններից: Նրանք թվով քսանից ավել կլինեին, որոնց յուրաքանչյուրը հատկացրած էր նրա կնիկներից մեկի բնակության համար: Ագուլեցի հայ վաճառականների Սպահանից և Հնդկաստանից բերած թանկագին փարչաները զարդարում էին այդ շքեղ օթյակները, որոնց մեջ ապրում էին երկրի ամենագեղեցիկ կնիկներից ընտրյալները: Չադրները կիսաբոլորակի ձևով շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով մեջտեղում հրապարակի նման ընդարձակ տարածություն: Խոտերը այդ տարածության վրա կոխվելով, բոլորովին սևացել էին և կպել գետնին: Այստեղ խառնափնթոր կերպով շարժվում էր, վըժվըժում էր և խլրտվում էր մի ամբողջ լեգեոն: Այստեղ կարելի էր տեսնել մի բազմություն ամեն ազգից և ամեն գույնի.


Скачать книгу
Яндекс.Метрика